ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռատկլիֆը հայտարարել է, որ ըստ նոր հավաստի տվյալների՝ Իրանի միջուկային ծրագիրը լրջորեն վնասվել է, և վերականգնման համար տարիներ կպահանջվեն։
Ամերիկացի պաշտոնյայի հայտարարությունը հետևում է լրատվամիջոցների հրապարակումներին, որոնք, հղում անելով Պենտագոնի արտահոսած նախնական զեկույցին, գրեցին, որ Իրանի միջուկային երեք օբյեկտներին ԱՄՆ զինուժի հարվածները ամբողջությամբ չեն ոչնչացրել միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները: Դրանից հետո ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները մեկը մյուսի հետևից հավաստիացնում են, որ դրանք ամբողջությամբ ոչնչացվել են: Ըստ Ջոն Ռատկլիֆի՝ նոր տվյալները ձեռք են բերվել հուսալի ու փորձված մեթոդով:
«Խոսքը պատմականորեն հուսալի և ճշգրիտ աղբյուրից և մեթոդով ստացված հետախուզական նոր տվյալների մասին է, որոնք ցույց են տալիս, որ Իրանի միջուկային մի քանի կարևոր օբյեկտներ ոչնչացվել են, և դրանց վերականգնման համար տարիներ կպահանջվեն», - հայտարարել է նա:
Այս ֆոնին ԱՄՆ նախագահը, ում միջնորդությամբ դադարեցվեց Իրանի ու Իսրայելի միջև պատերազմը, երեկ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ասել է, թե չի կարծում, որ Իրանը կշարունակի իր միջուկային ծրագիրը: Դոնալդ Թրամփը, սակայն չի բացառել, որ Իրանն ու Իսրայելը կարող են կրկին հարվածել միմյանց. «Նրանք երկուսն էլ հոգնած են, ուժասպառ, նրանք շատ-շատ ուժեղ և շատ դաժան պայքար են մղել, շատ բռնի: Իսկ հնարավո՞ր է, որ դա նորից սկսվի։ Կարծում եմ՝ մի օր կարող է, հնարավոր է՝ շուտով սկսվի»։
Արդեն երրորդ օրը Իրանի ու Իսրայելի միջև պահպանվում է հրադադարը: Պահպանվում է նաև Իրանի հռետորաբանությունը: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Պակպուրն ասել է, որ իրենց մարտիկներն ամեն պահի պատրաստ են հակահարված տալու, եթե դրա կարիքը լինի:
«Եթե թշնամին սխալ թույլ տա, նրան վճռական և հզոր պատասխան կտանք՝ ճիշտ այնպես, ինչպես վերջին 12 օրերին։ Երբ խոսքը վերաբերում է այս երկրի պաշտպանությանը, մենք մեկ վայրկյան անգամ չենք տատանվում», - շեշտել է հրամանատարը։
Իրանի պետական հեռուստաընկերության նախագահը դատապարտել է Իսրայելին պատերազմի օրերին հեռուստաընկերությանը հարվածելու համար: Փեյման Ջեբելլին ասել է, որ շենքին հինգ հրթիռ է հարվածել, որոնք էական վնաս են պատճառել. «Երբ Իսրայելն իրեն թույլ է տալիս խախտել խոսքի ազատությունը և մարդկանց իրավունքները միլիոնավոր մարդկանց առաջ ուղիղ եթերում, չի կարելի ակնկալել, որ նա կպահպանի բարոյական նորմերը»։
Արաբական լիգան ողջունել է Իրանի և Իսրայելի միջև հրադադարը և հույս հայտնել, որ այն ճանապարհ կհարթի Գազայի հատվածում հրադադար հաստատելուն: Լիգայի գլխավոր քարտուղարի խոսնակ Ջամալ Ռուշդին ասել է, որ պատերազմի հետևանքով Գազայում տիրող ողբերգական իրավիճակը մնացել է ստվերում:
«Գազայում տիրող իրավիճակը պետք է անհապաղ հանգուցալուծվի: Կարող ենք հուսալ, որ Իրանի հետ հակամարտության ավարտը կարող է Գազայի ճգնաժամի լուծման սկիզբը լինել և հող հարթել պաղեստինյան կարգավորման գործընթացի մեկնարկի համար», - նշել է նա։
Ըստ BBC-ի՝ երբ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին դուրս գա բունկերից, որտեղ եղել է պատերազմի ողջ ընթացքում, նա կտեսնի այլ Իրան, որի ժողովուրդն արդեն հոգնել է պատերազմներից և պատժամիջոցներից:
Ըստ գործակալության՝ Խամենեին այժմ կարող է վստահ լինել, որ իր վարչակազմը վերապրեց պատերազմը, սակայն արդեն առողջական խնդիրներ ունեցող 86-ամյա առաջնորդը, նաև գիտի, որ գուցե իր օրերը հաշված են և գուցե արդեն մտածի իշխանությունը փոխանցելու մասին՝ կա՛մ մեկ այլ բարձրաստիճան հոգևորականի, կա՛մ նույնիսկ ղեկավարող խորհրդի։
Reuters-ն էլ, վկայակոչելով պաշտոնյաների ու ակտիվիստների, գրում է, որ հրադադարից հետո Իրանի իշխանություններն այժմ սկսում են միջոցներ ձեռնարկել երկրում ներքին անվտանգությունն ապահովելու համար, ինչը ուղեկցվում է զանգվածային ձերբակալություններով, մահապատիժներով և զինվորականների տեղակայմամբ կոնկրետ՝ անհանգիստ քրդական շրջանում:
Իրանցի իրավաբան և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին Reuters-ին տված հարցազրույցում ասում է, որ այս պատերազմը ցույց տվեց, թե որքան թույլ է Իրանի վարչակարգը: Ըստ նրա՝ այն փորձում է թաքցնել իր թուլությունը՝ ճնշելով ժողովրդին և որքան թույլ է արտաքին ճակատում, այնքան ավելի բռնի է դառնում երկրի ներսում: Հենց ներսից էլ տեղի կունենա իշխանափոխությունը, ասում է Էբադին:
«Ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ ԱՄՆ-ն չեն հայտարարել, որ ցանկանում են փոխել ռեժիմը։ Ընդհանուր առմամբ, Իրանի ժողովուրդը դա չի ընդունի։ Իրանի ռեժիմը կընկնի ժողովրդական հեղափոխության միջոցով, և այդ օրը մոտ է», - կարծում է նա։