Հայաստանում Իրանի դեսպանը չի բացառում, որ Իսրայելը Իրանին հարվածներ հասցնելիս օգտվել է Ադրբեջանի տարածքից: Այսօր Մամուլի ազգային ակումբում դեսպանը շեշտեց՝ հետախուզական տվյալների հիման վրա են դիմել Ադրբեջանին:
«Մենք տեղեկություն ստացանք, ըստ որի, փոքր քանակությամբ ԱԹՍ -եր հարևան երկրների կողմից մեր տարածք են մտել:
Այդ պատճառով Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև հեռախոսազրույցի ժամանակ մեր նախագահը խնդրել է Ալիևից, որպեսզի լուրջ հետաքննություն անցկացվի այդ ուղղությամբ: Կսպասենք՝ տեսնենք, թե այդ հետաքննության արդյունքներն ինչպիսին կլինեն, որից հետո որոշում կկայացնենք, թե ինչպես արձագանքենք», - հայտարարեց Մեհդի Սոբհանին:
Իրանի դեսպանն ընդգծեց՝ «հնարավոր է և հավանական է, որ թշնամի սիոնիստական ռեժիմը այդ հարևան երկրի տարածքից օգտված լինի»:
Դեսպանը միաժամանակ հիշեցրեց, թե ադրբեջանական կողմը վստահեցրել է՝ թույլ չի տա, որ իր տարածքը օգտագործվի այդ ուղղությամբ:
Դիտարկմանը՝ Իրանը շատ ուժեղ հետախազություն ունի տարածաշրջանում, և հետևաբար հնարավո՞ր է, որ նկատած չլիներ, որ հարձակումը Ադրբեջանից է եղել, դեսպանը պատասխանեց. - «Հենց մեր հետախուզական համակարգի կողմից է եղել, որպեսզի իրանական կողմը դիմի Ադրբեջանին այդ հետաքննությունը իրականացնելու համար: Մենք կսպասենք պաշտոնական աղբյուրների հայտարարությանը»: