«Ազատության» ուղիղ հեռարձակումը Մայր Աթոռից.
14:07
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի շուրջ զարգացած իրավական գործընթացների հետ կապված Գյումրու ավագանու «Մեր քաղաքը», «Հայաստանի կոմունիստական կուսակցություն», «Իմ հզոր համայնք», «Մայր Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումը։ Կատարվածը որակվում է մտահոգիչ և անթույլատրելի
13:45
«Միքայել Սրբազանը մոտեցավ ավտոմեքենային, ժողովուրդը նրան թույլ չտվեց նստել ավտոմեքենա: Երկրորդ անգամ ևս փորձը արվեց, նորից մենք չկարողացանք: Այնպես որ, որևէ մեկը չի պահմտնում, փախուստ չի տալիս չիրագործած հանցագործությունից»,- քիչ առաջ Մայր Աթոռի մոտ հայտարարեց Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ չպատասխանելով հարցերի:
13:40
Ազգային անվտանգության ծառայությունը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կոչ է անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող ԱԱԾ օպերատիվ խմբին։
«2025թ. հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գևորգ Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին», - ասված է ԱԱԾ հայտարարության մեջ:
13:35
Ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում Երևանից Էջմիածին քաղաք տանող մուտքի մոտ: Նրանք առանձին մեքենաներ են կանգնեցնում, բեռնախցիկներն են ստուգում, այնուհետև թույլատրում երթը:
13:20
Հավաքվածները պատրաստվում են շրջափակել Վեհարանի բոլոր մուտքերը, որպեսզի թույլ չտան իրավապահներին տանել Աջապահյանին: Նրանք այս պահին աղոթք են հնչեցնում:
13:00
Մայր տաճարի զանգերը անդադար ղողանջում են:
Հոգևորականներից մեկն «Ազատությանն» ասաց՝ սա օգնության կանչ է:
12:35
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դարպասների մոտ ևս մեկ բախում ու հրմշտոց գրանցվեց, քաղաքացիները շարունակում են թույլ չտալ իրավապահներին այստեղից տանել Շիրակի թեմի հոգևոր առաջնորդին:
12:28
Միքայել Աջապահյանը Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ միասին վերադարձավ Վեհարան:
Իրավիճակը տարածքում շարունակում է լարված մնալ: Ուժայիններին են միացել նաև կարմիրբերետավորները:
12:10
Իրավիճակը Մայր Աթոռում կրկին լարվեց. հավաքվածները փորձում են թույլ չտալ, որ իրավապահները Աջապահյանին տանեն Էջմիածնից:
11:57
Ամենայն Հայոց կաթողիկոսը հայտարարեց, որ Միքայել սրբազանի հետ գնալու է իրենց փաստաբանը, իսկ մյուսները այսօր վեհարանում քննարկում են անելու:
«Այնտեղ կհամախմբվենք, մեր քննարկումները կունենանք և եզրահանգումները կանենք մեր հետագա գործողությունների համար։ Մենք բոլորս ամեն ջանք ենք ներդնելու, որ արդարությունը գործի», - ասաց Գարեգին Բ-ն:
11:50
«Ինչ կատարվում է, բացարձակ ապօրինություն է, բայց ես երբեք չեմ թաքնվել և հիմա էլ չեմ պատրաստվում թաքնվելու։ Չեմ ուզում իմ եղբայրների թիկունքում թաքնված լինելու տպավորություն ստեղծել: Եկել են իմ հետևից, ես կգնամ: Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում է նստած»,- Մայր Աթոռում հայտարարեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Նա ասաց, որ հոգևորականները կհետևեն իրեն:
11:40
Իրավիճակը Մայր Աթոռում լարված է: Վեհարանի մոտ քաշքշուկ սկսվեց տեղում հավաքված հոգևորականների և ուժայինների միջև:
ԱԱԾ աշխատակիցներն այս պահին վեհարանում են:
11:27
Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան գրառման մեջ շեշտել է, որ «Հայաստանի ողջ հոգևոր դասը պատրաստ է կալանավորվելու»:
«Բոլորս Մայր Աթոռում ենք: Եկել են Մայր Աթոռ. Սուրբ Էջմիածնից կամ մեզ ամենքիս եք տանելու, կամ էլ մեր դիակը», - գրել է նա:
Քիչ առաջ այստեղ են ժամանել ԱԱԾ աշխատակիցները:
11:17
Հոգևորականները Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կոչ արեցին դուրս չգալ Մայր Աթոռից։
«Թող գան, բոլորիս տանեն»,- ասացին նրանք։
11:05
Քննչական գործողությունների Շիրակի առաջնորդարանում ավարտվեցին, քննիչները առգրավված նյութերով հեռացան:
11:00
Փաստաբան Արա Զոհրաբյանը քիչ առաջ Մայր Աթոռում հավաքվածներին, այդ թվում՝ Շիրակի թեմի առաջնորդին ներկայացրեց նրա նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթի մանրամասները. «Ներկայացվում է ՔԿ քննիչի որոշում, որի համաձայն պետք է Միքայել սրբազանին ձերբակալեն՝ կալանավորման ներկայացնելու նպատակով: Այս քրեական գործը հարուցվել է ՆԳՆ ոստիկանության վարչության կողմից ստացված հաղորդման հիման վրա հունիսի 17-ին, առիթը նշված է 2024թ. փետրվարի 3-ին տված հարցազրույցի ժամանակ Միքայել սրբազանի խոսքերին»:
Նշենք, որ այստեղ է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսը:
10:56
Միքայել սրբազանն այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է, որտեղ հավաքված են նաև բազմաթիվ հոգևորականներ:
10:47
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արսեն Ոսկանյանը պնդեց, որ դատարանի որոշում կա՝ խուզարկություն ու քննչական գործողություններ իրականացնելու համար: Չնայած Արտաշես սարկավագ Աջապահյանը պնդեց, որ ներսում աշխատակիցներից և հոգևորականներից ոչ ոք չկա, բայց Արսեն Ոսկանյանը հակառակի մասին հայտնեց:
10:45
Փաստաբան Թամարա Յայլոյանն ահազանգում է, որ ԱԱԾ -ն, այսօր «խախտելով ՀՀ քրեական դատավարության կանոնները», իրեն թույլ չի տվել ներկա գտնվել Շիրակի թեմի առաջնորդարանում տեղի ունեցող խուզարկությանը, չնայած նրան, որ ինքը տեղեկացրել է՝ սրբազանի պաշտպանն է:
10:20
Արտաշես սարկավագ Աջապահյանը ուղիղ եթերում պնդեց, որ Ոստիկանությունը Էջմիածին՝ վեհարան է գնացել Միքայել սրբազանի հետևից:
10:15
Ոստիկանությունը բերման ենթարկեց ներկաներից Մհեր Խաչատրյանին: Նրան հորդորում էին անցնել փողոցի մյուս մայթ, իրավիճակը լարվեց:
09:29
Իրավապահներն այս պահին Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններ են իրականացնում: Դուռը փակ է, դրսից ոստիկաններ են հսկում:
Միքայել սրբազանը, ինչպես «Ազատությանը» փոխանցեց քահանաներից մեկը, առաջնորդարանում չէ: Այստեղ ժամանած փաստաբան Թամարա Յայլոյանին, առաջնորդարանի աշխատակիցներին չթողեցին շենք մտնել:
Առաջնորդարանի մոտ նաև գյումրեցիներ են հավաքվել:
Գլխավոր դատախազությունը երեկ տեղեկացրեց՝ մեկ շաբաթ առաջ քրեական վարույթ են նախաձեռնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ՝ հեղաշրջում անելու կոչի համար: Դատախազությունն այլ տեղեկություն չի տրամադրել, նաև չեն հստակեցրել, թե կոնկրետ որ հայտարարությունն են հիմք վերցրել: