Մատչելիության հղումներ

Թրամփը հավատում է՝ Գազայում մեկ շաբաթվա ընթացքում կարող է կնքվել հրադադարը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է, որ հավատում է՝ Գազայում Իսրայելի և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի միջև հրադադար կարող է կնքվել մեկ շաբաթվա ընթացքում։

Թրամփը Կոնգոյի և Ռուանդայի միջև համաձայնագրի կապակցությամբ Սպիտակ տանը կազմակերպված միջոցառման ժամանակ լրագրողներին հայտնել է, որ հրադադարը մոտ է։ Նա նշել է, որ խոսել է մի շարք անձանց հետ, ովքեր ներգրավված են Իսրայելի և «Համաս»-ի միջև հակամարտությունը դադարեցնելու բանակցություններում։

Թրամփը, սակայն, չի հստակեցրել, թե ում հետ է խոսել, սակայն ավելի վաղ ասել էր, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության ընթացքում գրեթե ամեն օր կապի մեջ է եղել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։

Թրամփի անսպասելի կանխատեսումը՝ մոտ օրերս հնարավոր հրադադարի շուրջ, հնչում է մի փուլում, երբ կողմերը ցույց չեն տալիս որևէ նշան, որ պատրաստ են վերսկսել բանակցությունները կամ փոխել իրենց կոշտ դիրքորոշումները։

Ծայրահեղական խմբավորումը հայտարարել է, որ պատրաստ է ազատ արձակել Գազայում մնացած պատանդներին՝ որպես պատերազմի ավարտի պայմանների մաս, մինչդեռ Իսրայելը պնդում է, որ պատերազմը կավարտվի միայն այն դեպքում, եթե «Համաս»-ը զինաթափվի և ապամոնտաժվի։ Խմբավորումը մերժում է զենքը վայր դնելու ցանկացած պահանջ։

Գազայի պատերազմը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի ղեկավարությամբ զինյալները հարձակվել են Իսրայելի վրա՝ սպանելով 1,200 մարդ և վերցնելով 251 պատանդ՝ ըստ իսրայելական տվյալների։

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 56,000 պաղեստինցի։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG