«Իրանի միջուկային օբյեկտներին հասցված ամերիկյան հարվածները հասել են իրենց նպատակին», - այսօր հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը՝ միանալով նախագահ Դոնալդ Թրամփին, ով քննադատել էր ամերիկյան լրատվամիջոցներին՝ գործողության արդյունքները կասկածի տակ դնելու համար։
Սպիտակ տան ղեկավարն էլ պնդել է, թե Իրանը ամերիկյան հարձակումից առաջ չի կարողացել տեղափոխել միջուկային պաշարները, այդ թվում՝ հարստացված ուրանը։
«Ոչինչ չի դուրս բերվել օբյեկտից։ Դա կլիներ չափազանց երկար, չափազանց վտանգավոր, շատ ծանր և դժվար տեղափոխելի քայլ», - գրել է Թրամփը իր Truth Social հարթակում։
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հրապարակել էին հետախուզության նախնական գնահատականը, ըստ որի հարվածները միայն մի քանի ամսով են հետաձգել Իրանի միջուկային ծրագիրը։
ՄԱԿ-ի միջուկային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին էլ երեկ չէր բացառել, որ Թեհրանը հարձակումից առաջ իր բարձր հարստացված ուրանի մեծ մասը տեղափոխել է այլ վայր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե Իրանը հարձակման ենթարկվի, ապա կպատասխանի նույն կերպ. Խամենեի