Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի 8:30-ին

Փաստաբան Արա Զոհրաբյանը դատարանի բակում, 28-ը հունիսի, 2025թ.

Դատարանն ավարտել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորելու միջնորդության քննարկումը: Դատավոր Մասիս Մելքոնյանը մոտ հինգ ժամ տևած քննությունից հետո հեռացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակի այսօր՝ 8:30-ին:

Փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց՝ նախ քննիչը իր միջնորդությունը ներկայացրեց, ապա պաշտպանները հարցեր ուղղեցին:

«Դրանից հետո պաշտպանները իրենց փաստարկները ներկայացրեցին, վերջում էլ Միքայել սրբազանը ելույթ ունեցավ»,- հայտնեց փաստաբանը:

Քննչական կոմիտեն Շիրակի թեմի առաջնորդին մեղադրում է զանգվածային լրատվամիջոցներով իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով: Աջապահյանը մեղադրանքը չի ընդունում:

«Չկա ընդհանրապես իրականում հանցագործություն, որովհետև այն հոդվածը, ինչի մեջ մեղադրում են սրբազանին՝ բռնության կոչերը, որ ուղղված են իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը փոխելուն: ՍԴ որոշմամբ՝ հստակ սահմանված է, որ այդ կոչերը նախ պետք է լինեն բռնության, երկրորդ՝ պետք է լինեն իրական, երրորդ՝ պետք է պարունակեն կոնկրետ գործողություն կատարելու նախապատրաստություն: Այսինքն՝ անհասցե կոչը որևէ հետևանք չի տալու», - պարզաբանեց Արա Զոհրաբյանը:

Բացի այդ, նա նշեց, որ Միքայել սրբազանը 2023-ին է նաև խոսել այդ մասին, իսկ դատախազությունն այդ ժամանակ մերժել էր իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա արքեպիսկոպոսի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնել:

«Ստացվում է՝ նույնը հիմա է կատարվում, 2024-ի նույն թեմայի հետ կապված սրբազանը կրկին խոսել է, և նոր հիմա են համարել, որ պետք է նման քրեական հետապնդում սկսել: Մենք դա որակեցինք որպես պատժիչ գործողություն», - շեշտեց փաստաբան Զոհրաբյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միքայել արքեպիսկոպոսը երկու ամսով կալանավորվեց