Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ միջուկային օբյեկտները «լուրջ վնասներ են կրել»

Իսրայելի և Ամերիկայի հարվածների հետևանքով Իրանի միջուկային օբյեկտները «լուրջ վնասներ են կրել», հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը։

Իսրայելը անակնկալ օդային պատերազմ էր սկսել հունիսի 13-ին՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին և սպանելով մի շարք բարձրաստիճան հրամանատարների՝ այսպիսով Իսլամական Հանրապետությանը հասցնելով ամենածանր հարվածն Իրաքի հետ 1980-ականների պատերազմից ի վեր։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հունիսի 22-ի գիշերը զանգվածային հարվածներ էին հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։

CNN-ը և The New York Times-ը, հղում անելով ամերիկյան ռազմական հետախուզությանը, հայտնել են, որ ԱՄՆ-ի կողմից իրանական երեք օբյեկտների վրա հարվածները չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները, այլ միայն ակնհայտորեն մի քանի ամսով հետ են մղել այն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայն չէր հետախուզության եզրակացությունների հետ։ Նա ասել է, որ Իրանի միջուկային օբյեկտները լիովին ոչնչացվել են։ Ավելի ուշ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, նա խոստացել է նոր հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե երկրի միջուկային ծրագիրը վերականգնվի և ուրանի հարստացումը շարունակվի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանին ԱՄՆ հարվածներից հետո հակամարտության ընդլայնման վտանգը մեծացել է