Եթե Իրանը հարձակման ենթարկվի, ապա կպատասխանի նույն կերպ, հայտարարել է երկրի գերագույն առաջնորդը տեսաուղերձում, որն առաջինն է Իսրայելի հետ ձեռք բերված հրադադարից հետո: Այաթոլլա Ալի Խամենեին ասել է, որ ԱՄՆ-ն իրանական միջուկային օբյեկտներին հարվածելով՝ շատ բանի չհասավ, Թրամփին պարզապես հարկավոր էր ուժ ցուցադրել:
Խամենեին, որը, ըստ հաղորդումների, պատերազմի ողջ ընթացքում եղել է բունկերում, շեշտել է՝ ծանր գին կվճարեն նաև իրանցիները, որոնք բողոքի դուրս կգան իշխանության դեմ: Իսկ մինչ այդ նա իրանցիներին շնորհավորել է թե՛ Իսրայելի, թե՛ «ամերիկյան ռեժիմի» նկատմամբ «տարած հաղթանակի» համար: Ըստ նրա՝ ԱՄՆ-ն պատերազմի մեջ մտավ, քանզի զգաց, որ հակառակ դեպքում Իսրայելը լիովին կոչնչացվի, սակայն այս պատերազմից ոչինչ չշահեց:
«Իսլամական Հանրապետությունը ծանր ապտակ հասցրեց Ամերիկային։ Այն հարձակվեց տարածաշրջանում Ամերիկայի կարևորագույն բազաներից մեկի՝ Ալ Ուդեյդի ավիաբազայի վրա և վնաս հասցրեց: Սա իրադարձություն է, որը կարող է կրկնվել ապագայում։ Եթե ագրեսիա տեղի ունենա, ապա թե՛ թշնամու, թե՛ ցուցարարի համար գինը, անշուշտ, բարձր կլինի»,- ասել է նա։
Խամենեին նաև ասել է, որ Իրանի թշնամիները, երկրի միջուկային և հրթիռային ծրագիրը որպես պատրվակ օգտագործելով, իրականում ձգտում են հասնել նրան, որ Իրանը հանձնվի, ինչը, ըստ նրա, երբեք տեղի չի ունենա:
Երեկ էլ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Պակպուրն էր ասել, որ իրենց մարտիկներն ամեն պահի պատրաստ են հակահարված տալու, եթե դրա կարիքը լինի:
«Եթե թշնամին սխալ թույլ տա, նրան վճռական և հզոր պատասխան կտանք՝ ճիշտ այնպես, ինչպես վերջին 12 օրերին։ Երբ խոսքը վերաբերում է այս երկրի պաշտպանությանը, մենք մեկ վայրկյան անգամ չենք տատանվում», - ասել է նա։
ԱՄՆ պաշտպանության նախարարը, անդրադառնալով Խամենեի հայտարարություններին, ասել է, որ իր դեմքը փրկելու համար Իրանը շատ բաներ ստիպված կլինի հայտարարել: Փիթ Հեգսեթը նաև ասել է, թե չկա որևէ հետախուզական տվյալ, որ Իրանը ամերիկյան հարվածներից առաջ Ֆորդոյի միջուկային օբյեկտից բարձր հարստացված ուրանն այլ վայր է տեղափոխել: Նույնը սոցցանցում պնդել է ԱՄՆ նախագահը:
Իրանի խորհրդարանը երեկ քվեարկել էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու օգտին՝ պատճառաբանելով, թե գործակալությունը չի դատապարտել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումներն Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Ռուսաստանի արտգործնախարարն այսօր ասել է, որ Մոսկվան կցանկանար, որ Թեհրանը շարունակի համագործակցել գործակալության հետ. «Ի վերջո, այս որոշումը ընդամենը առաջարկություն է գործադիր իշխանությանը։ Մենք շահագրգռված ենք, որ Իրանը շարունակի համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ»։
Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռատկլիֆը հայտարարել է, որ ըստ նոր հավաստի տվյալների՝ Իրանի միջուկային ծրագիրը լրջորեն վնասվել է, և վերականգնման համար տարիներ կպահանջվեն։
Ամերիկացի պաշտոնյայի հայտարարությունը հետևում է լրատվամիջոցների հրապարակումներին, որոնք, հղում անելով Պենտագոնի արտահոսած նախնական զեկույցին, գրեցին, որ Իրանի միջուկային երեք օբյեկտներին ԱՄՆ զինուժի հարվածները ամբողջությամբ չեն ոչնչացրել միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները: Դրանից հետո ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները մեկը մյուսի հետևից հավաստիացնում են, որ դրանք ամբողջությամբ ոչնչացվել են: Ըստ Ջոն Ռատկլիֆի՝ նոր տվյալները ձեռք են բերվել հուսալի ու փորձված մեթոդով:
«Խոսքը պատմականորեն հուսալի և ճշգրիտ աղբյուրներից և մեթոդով ստացված հետախուզական նոր տվյալների մասին է, որոնք ցույց են տալիս, որ Իրանի միջուկային մի քանի կարևոր օբյեկտներ ոչնչացվել են, և դրանց վերականգնման համար տարիներ կպահանջվեն», - հայտարարել է նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ միջուկային օբյեկտները «լուրջ վնասներ են կրել»
ԱՄՆ նախագահը, ում միջնորդությամբ դադարեցվեց Իրանի ու Իսրայելի միջև 12 օր տևած պատերազմը, երեկ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ասել է, թե չի կարծում, որ Իրանը կշարունակի իր միջուկային ծրագիրը: Դոնալդ Թրամփը, սակայն չի բացառել, որ Իրանն ու Իսրայելը կարող են կրկին հարվածել միմյանց. «Նրանք երկուսն էլ հոգնած են, ուժասպառ, նրանք շատ-շատ ուժեղ և շատ դաժան պայքար են մղել, շատ բռնի: Իսկ հնարավո՞ր է, որ դա նորից սկսվի։ Կարծում եմ՝ մի օր կարող է, հնարավոր է՝ շուտով սկսվի»։
Reuters-ը, վկայակոչելով իրանցի պաշտոնյաների ու ակտիվիստների, գրում է, որ հրադադարից հետո Իրանի իշխանություններն այժմ սկսել են միջոցներ ձեռնարկել երկրում ներքին անվտանգությունն ապահովելու համար, ինչը ուղեկցվում է զանգվածային ձերբակալություններով, մահապատիժներով և զորք ուղարկելով երկրի արևմտյան՝ քրդերով բնակեցված անհանգիստ շրջաններ:
Իրանցի իրավաբան և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին Reuters-ին տված հարցազրույցում ասում է, որ այս պատերազմը ցույց տվեց, թե որքան թույլ է Իրանի վարչակարգը: Ըստ նրա՝ այն փորձում է թաքցնել իր թուլությունը՝ ճնշելով ժողովրդին և որքան թույլ է արտաքին ճակատում, այնքան ավելի բռնի է դառնում երկրի ներսում: Հենց երկրի ներսից էլ տեղի կունենա իշխանափոխությունը, ասում է Էբադին:
«Ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ ԱՄՆ-ն չեն հայտարարել, որ ցանկանում են փոխել ռեժիմը։ Ընդհանուր առմամբ, Իրանի ժողովուրդը դա չի ընդունի։ Իրանի ռեժիմը կընկնի ժողովրդական հեղափոխության միջոցով, և այդ օրը մոտ է», - կարծում է նա։