Նեթանյահուն Իրանի հետ պատերազմից հետո Իսրայելի խաղաղության ջանքերի ընդլայնման մասին է խոսում

Իրանի հետ պատերազմի արդյունքը հնարավորություն է ստեղծել խաղաղության համար, որը Իսրայելը չպետք է կորցնի, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

«Այս հաղթանակը հնարավորություն է ստեղծում խաղաղության պայմանագրերի էական ընդլայնման համար։ Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք մեծ ոգևորությամբ», - նշել է նա։

Israel Hayom թերթը, վկայակոչելով անանուն աղբյուր, հայտնել է, որ Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել Գազայի պատերազմի արագ ավարտի շուրջ, հնարավոր է՝ երկու շաբաթվա ընթացքում։ Ըստ թերթի՝ այդ համաձայնության շրջանակում կարող է ընդլայնվել Աբրահամյան համաձայնագիրը՝ ներառելով Սաուդյան Արաբիան և Սիրիան։

Վարչապետի գրասենյակը հրաժարվել է մեկնաբանել այս հրապարակումը։

Կիրակի օրը Նեթանյահուն ասել էր, որ Իրանի թուլացման պայմաններում ակնկալում է, որ ավելի շատ երկրներ կմիանան Աբրահամյան համաձայնագրին։

ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և Իրանի միջև հրադադարի մասին Թրամփի հայտարարությունը հույս է առաջացրել պաղեստինցիների շրջանում՝ վերջ դնելու Գազայի ավելի քան 20 ամիս տևած պատերազմին, որի հետևանքով տարածքի մեծ մասը ավերվել է, բնակչության մեծ մասը՝ տեղահանվել:

Գազայի պատերազմը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը հարձակվեց Իսրայելի վրա, սպանվեց 1219 մարդ, հիմնականում քաղաքացիական անձինք, ևս 251 մարդ պատանդառվեց։
Իսրայելի պատասխան գործողություններից, ըստ Պաղեստինի իշխանությունների, մինչ օրս զոհվել է ավելի քան 56 հազար մարդ, մեծ մասը՝ խաղաղ բնակիչներ։ Իսրայելը նաև մի քանի ամիս է՝ շրջափակել է անկլավը՝ զրկելով սնունդ ու դեղորայք ստանալու հնարավորությունից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսպանիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել անհապաղ կասեցնել Իսրայելի հետ համագործակցության համաձայնագիրը