Ստեղծվել և տարածվել է վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Մի խումբ անձինք ապօրինի կերպով ստեղծել են վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրությունը, որը տարածվել է ԶԼՄ-ներում, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է Քննչական կոմիտեն:

Ձայնագրությունը համացանցում հրապարակվել է երեկ՝ հունիսի 26–ին:

«Համացանցում տեղադրել են «Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարականը ԱԱԾ ու Քննչական պետերին» վերտառությամբ արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ ձայնագրություն, որում ՀՀ Վարչապետն իբրև թե կոնկրետ քրեական վարույթով հանձնարարություններ է տալիս ՀՀ իրավապահ մարմինների ղեկավարներին», - ասված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 364–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային կեղծիք կատարելը)։

Կատարվում է նախաքննություն։