Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Ձերբակալման պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի, լրագրողների հետ զրույցում ասաց Նրա փաստաբան Արա Զոհրաբյանը:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ձերբակալվել է մոտավորապես ժամը 6-ին, նշեց փաստաբանը:
Արա Զոհրաբյանն ավելի ուշ հայտնեց, որ իր տեղեկությամբ՝ Աջապահյանն արդեն Ավանի դատարանում է:
Թե երբ կլինի գործի քննությունը, փաստաբանը հստակ նշել չկարողացավ. «Կարող է գիշերը քննեն, կարող է առավոտյան քննեն, անպայման կտեղեկացնենք»:
«Երբ դատավորի անունն իմանանք, կհասկանանք, թե ինչի հետ ենք գործ ունենալու: Բնականաբար, մեծ հույսեր չունենք, որ լավ է լինելու, բայց մեղադրանքն ինքնին ակնհայտ անհիմն է», - ընդգծեց Զոհրաբյանը:
Փաստաբանների փոխանցմամբ՝ Աջապահյանը գիշերը դատարանում կանցկացնի. - «Դատարանի համապատասխան հատվածում տեղ կա, որտեղ ձերբակալված անձինք պահվում են, այդ հատվածում պետք է սպասի, մինչև դատական նիստը լինի»:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, այն բանի համար, որ «նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել»:
Աջապահյանը մեղադրանքը չի ընդունում: