«Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում», - Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն էր առաջարկել՝ Միքայել սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրել ու Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեն: ԱԺ «Հայաստան» խմբակցություինց էլ հայտնել են, որ միանում են Միքայել սրբազանի թեկնածությամբ վարչապետին անվստահության նախաձեռնությանը:
Զոհրաբյանը նշել է նաև, որ Միքայել սրբազանը չի ընդունում մեղադրանքը:
«Ակնհայտ է, որ գործ ունենք իշխանության հակաեկեղեցական գործընթացի հերթական ապօրինի քայլի հետ, որը դրսևորվել է ԱԱԾ և ոստիկանության ծառայողների կողմից Մայր Աթոռի տարածք ներխուժելու աննախադեպ գործողությամբ», - գրել է փաստաբանը:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, այն բանի համար, որ «նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել»: