Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները ուժայինների գործողությունը համեմատում են բոլշևիկների ու երիտթուրքերի վայրագությունների հետ, իշխանականները՝ համաչափ համարում


Ընդդիմադիրները Մայր Աթոռում դիմակավորված ԱԱԾ-ականների ու ոստիկանության այսօրվա գործողությունը պատմական խայտառակություն են որակում, համեմատում բոլշևիկների վայրագությունների հետ, իշխանականները համաչափ են համարում, ողջունում նրանց սառնասրտությունը, որ բախումներ թույլ չտվեցին:

«Հայոց եղեղեցուն հայտարարած» պատերազմում Նիկոլ Փաշինյանի պարտությունը կանխատեսող Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքում ինքնության, ժողովրդավարական օրինականության շուրջ համախմբվելու կոչ արեց. «Վեհարանի վրա իշխանությունների ռազմականացված գրոհը Հայոց պատմության մեջ արձանագրվելու է որպես ամենախայտառակ էջերից մեկը: Նիկոլ Փաշինյանը և նրա ՔՊ-ական սպասարկուներն այսօր անցան այն սահմանը, որից հետո պիտի կոչվեն ԵՆԻՉԵՐ: Ավելի վատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ վարվել են միայն բոլշևիկները: Փաշինյանական ենիչերներները նրանց էլ կգերազանցեն շուտով»:

Վեհարանում Միքայել Աջապահյանի կողքին գտնվող փաստաբան Միհրան Պողոսյանն ասում էր՝ հարցաքննության կամ այլ գործողություն իրականացնելու համար իրավապահները կապ չեն հաստատել Շիրակի թեմի առաջնորդի հետ: Դիմակավորված իրավապահները նախ Գյումրիի առաջնորդարան էին գնացել, ավելի ուշ պարզվեց՝ սրբազանը Մայր Աթոռում սուրբ Էջմիածնում է:

Իշխանականանները հայտարարում էին, թե կաթողիկոսն է նրան թաքցնում, դրանով, ինչպես Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էր գրել՝ հեղաշրջման բացահայտ կոչերի պատասխանատվությունը վերցնելով իր վրա: Փաստաբան Միհրան Պողոսյանի խոսքով՝ Աջապայմանն այսօր Մայր Աթոռում քահանաների ժողովը պիտի նախագահեր:

«Մասկի շոու», ընդդիմադիր Քրիստինե Վարդանյանի գնահատականն է: Նա ասում է՝ եթե իրավական հարց էր, թող ծանուցում ուղարկեին, փաստաբանի հետ ներկայանար: Համոզված է՝ իրավապահները գործել են ուղիղ Փաշինյանի հրահանգով՝ դրա ապացույցը նրա ստատուսներն է համարում:

«Եթե որևէ կասկած կա, որ սա տեղի է ունենում Փաշինյանի ուղիղ հրահանգավորմամբ, ուղղակի պետք է իր ստատուսները կարդանք, և պարզ կդառնա: Փաստորեն երբ Փաշինյանն ասում էր, որ հավատավոր հոտը օրենքի շրջանակներում իր քայլը կանի, նկատի ուներ ԱԱԾ աշխատակիցների՞ն», - ասաց նա:


Իշխանական ՔՊ-ի պատգամավոր Հասմիկ Հակոբյանը համաչափ է համարում իրավապահների այսօրվա գործողությունները: Իշխանությունը զավթելու կոչերը արքեպիսկոպոսը 6 օր առաջ վերահաստատել է. իշխանության փաստարկներից մեկն էլ սա է: Բայց սրբազանի փաստաբանը պնդում է՝ մինչևայդ վերահաստատումն է գործը հարուցվել՝ գրեթե 1.5 տարվա մի հարցազրույցի առիթով:

Իշխանությունը զուգահեռներ է անցկացնում ահաբեկչության մեղադրանքով կալանավորված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործի հետ:

Դատարանի որոշում չկա, բայց Բագրատ սրբազանին կալանավորելուց առաջ Քննչականի հրապարակածը իշխանական պատգամավորն այնքան հիմնավոր ապացույց է համարում, որ դրա ավարտից հետո էլ չի պատկերացնում, թե իրենց վստահությունը կերերա. «Եթե իրավական համակարգն այս ապացույցները ձեռք բերելուց հետո չգործի, ես արդեն հարցեր կունենամ իրավապահ համակարգին: Իհարկե, պետք է գործի իրավապահ համակարգը: Ոմանց տրամաբանությամբ պետք է սպասենք, գան, շենքերը գրավեն, նոր բռնենք»:

Ինչ վերաբերում է փաստաբան Միհրան Պողոսյանի պնդումներին, նա ասաց. «Չհամեմատենք կանխված տեռորիզմը ու իրավապահ համակարգի միգուցե ենթադրյալ չներկայացնելը ծանուցում: Իսկ եթե իրավապահ համակարգը որոշակի ընթացակարգեր չի պահել, հանգիստ եղեք, դրան ևս անդրադարձ կլինի»:

«Երբ ազգությամբ հայ ուժայիններ գրոհեն Մայր Աթոռը, նախադեպ պատմության մեջ չեմ կարողանում հիշել, բայց հիշեցնում է բոլշևիկյան, երիտթուրքական գործելաոճ: Նույն բառապաշարով են Փաշինյանը և Փաշիզադեն խոսում Հայ առաքելական եկեղեցու մասին», - հավելեց Քրիստինե Վարդանյանը:

Իշխանական Հասմիկ Հակոբյանն արձագանքում է. «Նախ երիտթուրքերի հետ Դաշնակցությունն է եղել դաշնակից, այնպես որ թող մեր գործողություններում մեղադրելուց առաջ իրենց պատմությունը նայեն»:

Վարչապետ Փաշինյանի թիմակիցներն օրվա ընթացքում չէին մոռանում Գարեգին Երկրորդին, որին նրա աշխարհիկ անունով են այլևս կոչում՝ Կտրիճ Ներսիսյան և նրան մի շարք մեղադրանքներ ուղղում: Ինչպես ԱԺ փոփխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է Ֆեյսբուքում գրել, «Մայր Աթոռը դարձրեց ռազմական հեղաշրջման կոչ անողների, մարդ գյուլլողների, ավտոբուս վառողների, ռոբասերժական թալանչիների ու լևոնական աղանդավորների հավաքատեղի»:


Մինչ իրավապահները վեհարանում էին, վարչապետը լռեց: Խոսեց հեռավար՝ ֆեյսբուքյան գրառմամբ՝ իրավապահների գործողությունից ու Աջապահյանի՝ Էջմիածնից հեռանալուց հետո: Վերահաստատեց՝ չի նահանջելու Մայր Աթոռը «քրիստոնեաբար ազատելու մտքից»: Նա այնտեղ չի ուզում տեսնել Գարեգին Երկրորդին:



Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG